ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ․․․Փարիզի «Սոլի-Տուտտի» երգչախմբի երևանյան ուրբաթ-համերգ

«Երաժշտությունը, հիրավի, հրեշտակների խոսքն է»-Թոմաս Քարլայլ

Ինչպես ասում են՝ ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Ավարտվում է նաև «Սոլի-Տուտտի» երգչախմբի հյուրընկալումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Սակայն օրը՝ որպես եզրափակիչ, գերազանցեց խմբի նախորդ օրերի ելույթներին՝ ստիպելով հանդիսատեսին հուզվել ողջ ընթացքում։

Առավոտյան երգչախումբը կրթահամալիրի սաների և ֆրանսերենի խմբի աշակերտների հետ այցելեց Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ մասնակցելով պատարագին։ Հաճելի էր տեսնել խմբի հետաքրքրությունն ու ստացած բավականությունը։ Նրանք անդադար հարցեր էին տալիս արարողությունից ու ծիսակարգից։ Առիթը չէին կորցնում արդեն մտերիմ դարձած ֆրանսերենի խմբի սաների հետ զրուցելու և շփվելու։ Սա ,իհարկե, մեծ փորձ էր ֆրանսերենի խմբի համար և մեծ առիթ՝ կատարելագործելու լեզվական գիտելիքներն ու պատկերացումները։

Այնուհետև Սեբաստացիները երգչախմբին ճանապարհեցին մեծ ոգևորությամբ՝ նախապատրաստվելու խմբի եզրափակիչ ելույթին՝ <<Մեդիաուրբաթ>>-ի շրջանակում։ Հաջորդիվ հանդիպեցինք արդեն համերգասրահում, որտեղ հանդիսատեսը անհամբեր սպասում էր երգչախմբի ելույթին։ Թե ինչ եղավ հետո արդեն խոսքերով բարդ է պատկերացնել, պետք է ապրել այդ պահը։ Եվ իրոք, բառերով չեմ կարող բացատրել այն, ինչ ապրեցինք այդ պահերին։ Հանդիսատեսն ուղղակի հուզումնալից ունկնդրում էր՝ աշխատելով բաց չթողնել ոչ մի նոտա։ Համերգից հետո արդեն բոլորով՝ հուզախառն տրամադրությամբ ճանապարհեցինք «Սոլի-Տուտտի» երգչախմբին՝ մաղթելով նրանց հաջողություն ապագա ելույթներում։

Ահա և վերջ․ ավարտվեց երգչախմբի շրջայցը կթահամալիրում։ Այս երեք օրերի ընթացքում նրանք շրջեցին կրթահամալիրով, ծանոթացան դրա գործունեությանը, ավանդույթներին, կենցաղին, հանդես եկան համերգներով, դպրոցի ուսուցչական երգչախմբի հետ երգեցին մի շարք մշակութային գոհարներ և անգամ մասնակցեցին մեր եկեղեցական պատարագին։ Արդյունքում կարելի էր նկատել՝ ինչպես մտերմացան Սեբաստացիների հետ, ինչպիսի ոգևորությամբ էին շփվում նրանց հետ, ինչպես էին ուրախացել, որ Հայաստանում իրենց մայրենի լեզվին մեծ նշանակություն են տալիս և լավ տիրապետում դրան։ Ֆրանսերենի խմբի համար այս երեք օրը եղավ ոչ միայն նոր ծանոթությունների, շրջայցների օր, այլև ֆրանսերենի լեզվաճանաչողության ամրապնդման և Ֆրանսիայի մշակույթին ծանոթանալու լավագույն միջոց։ Նրանք պատվով հաղթահարեցին այն փորձությունները, որ ակնկալվում էր նրանցից հանդիպումների ժամանակ․ թարգմանական աշխատանքներ, հաղորդակցություն, մտերմություն։

Այսպիսով՝ սա մեծ հնարավորություն էր ճանաչելու Փարիզյան հայտնի երգչախմբերից մեկին, ծանոթանալ նրանց արվեստին և մեր հերթին իրենց ներկայացնելու մեր մշակութային արժեքներն ու կենցաղը։ Շնորհակալ ենք «Սոլի-Տուտտի» երգչախմբին և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին՝ այսպիսի հիանալի և օգտակար երեք օրվա համար։

Օրվա լուսաբանումը՝ Արի Ագոփի

Ֆրանսերեն լուսաբանումը ` Անահիտ Ասատրյանի, Լուսի Ղարիբյանի

Ֆոտոշարքը` Մարիաննա Մանուկյանի

Оставьте комментарий