«Սոլի-Տուտտի» երգչախումբը կրթահամալիրում․ օր երկրորդ

«Երբ բառերը վերջանում են, երաժշտությունն է խոսում»-Հանս Քրիստիան Անդերսեն

Շարունակելով երգչախմբի շրջայցը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ այսօր «Սոլի-Տուտտի»-ն և մեր դպրոցի ուսուցչական երգչախումբը համերգասրահում ունեցան փայլուն երաժշտական կատարումներ:

Հարկ է նշել, որ միջոցառմանը ներկա էր նաև դպրոցի ֆրանսերենի խումբը, ում հանձնարարված էր թարգմանական գործն այդ ամբողջ ընթացքում, և այդ առումով ֆրանսերենի խումբն իրեն լավագույնս դրսևորեց։

Թվով արդեն երկրորդ հանդիպումը նույնպես մեծ փորձ էր խմբի սաների համար։ Նախ այն, որ բարձրացնում է ֆրանսերենի լեզվական գիտելիքները, նաև նվազեցնում կաշկանդվածությունը՝ հաղորդակցվելու, զրույց վարելու լեզվակիրների հետ։ Այսպիսի հանդիպումներում վերոնշյալ գործոնները լավագույնս ամրապնդվում են։

Սկզբում մի փոքր ներկայացրին իրենց երգչախումբը, խմբի ստեղծումն ու գործունեությունը, այնուհետև սկսեցին երաժշտական համարների ներկայացումը։ Ուսուցչական երգչախումբը կատարեց Երկանյանի կողմից բազմաձայնեցված «Առավոտ լուսո» և «Նոր ծաղիկ» շարականները, իսկ «Սոլի տուտտի» երգչախումբը՝ ֆրանսիական «Մեռած տերև» և հայկական «Մայրիկին յազմա բերի» բազմաձայնեցված երգերը: Վերջում խմբերը միասին կատարեցին Շ. Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը:

Հանդիսատեսը բառի բուն իմաստով ցնցված էր և հուզմունքից քարացած՝ ունկնդրելով հայկական և ֆրանսիական մշակութային արժեքները, որոնք հնչեցին է՛լ ավելի հոգեթով՝ ֆրանսիական երգչախմբի և մեր ուսուցիչների փայլուն կատարմամբ։

Շնորհակալ ենք «Սոլի-Տուտտի»-ին և մեր դպրոցի ուսուցչական տաղանդավոր երգչախմբին՝ այսպիսի հրաշալի և հուզախառն օրվա ավարտի համար։

Օրվա լուսաբանումը՝ ֆրանսերենի խմբի սովորող Արի Ագոփի

Ֆրանսերեն լուսաբանումը` Անի Աբրահամեանի

Տեսանյութը` Հասմիկ Մաթևոսյանի