La suite

21.

Կարճ ասած ,մենք ինչ որ բան  դառնում ենք:Բայց այդքան էլ չենք փոխվում:

Մնում ենք այն, ինչ որ կանք:Եվ ահա հենց այս երկրորդ հատվածի ավարտին  ես սկսում եմ կասկածել:Կասկած այս գրքիս անհրաժեշտության վերաբերյալ, արդյոք ես ունակ էի այն գրելու,կասկած  ինքս իմ նկատմամբ,կասկած,որը շուտով ծաղրական նկատառումներով կծավալվի   ողջ  աշխատանքիս և կյանքիս վրա:Չարորակ ուռուցքի նման աճող կասկած:Այդպիսի բան ինձ հետ հաճախ էր պատահում:

Եվ չնայած այն բանին,որ այդ նոպաները ծույլիկությանս թողած ժառանգությունն էին ,ես դրանց ոչ մի կերպ չէի հարմարվում: Մարդ միշտ կասկածում է առաջին անգամ,իսկ ահա իմ կասկածը կործանարար բնույթ ուներ: Այն դառնում եմ նորից այն վատ սովորող աշակերտը,որի մասին փորձում եմ գրել:Այդ սիմպտոմները լիովին համապատասխանում են էտասներեք տարեկանում  ինձ մղում էր դեպի իմ բնական հակմանը:Ես  դիմադրում եմ ,բայց օրստօրե ես ունեցածներիս՝ երազկոտություն,թափթփվածություն, ցրվածություն, մելամաղձություն ,նևրոզ,մռայլ բավականություն , տրամադրության անկում, ողբ և վերջապես համակագիչի էկրանի առաջ շշմած,ինչպես այն ժամանակ տանը հանձնարարված վարժությունների և ստուգողական աշխատանքների առաջ:՛՛Ես այստեղ եմ ,ես ոչ մի տեղ չեմ գնացել՛՛,- ծիծաղում է ծույլիկը:Ես վեր եմ բարցրացնում աչքերս:Հայացքս հառնում է հյուսիսային Վերկորին:Հորիզոնում ոչ մի տուն ,ոչ մի ճանապարհ,ոչ ոք չկա:

Քարքարոտ դաշտեր ՝ցածր լեռներով շրջապատված,որտեղ ամենուր տարածվում էին հաճարենիները  անաղմուկ փետրափնջերի նման: Եվ այս ողջ դատարկության վրա   սպառնալիքի անսահման մեծ ամպ էր կախված:Տեր Աստված, որքան եմ ես սիրում այս պատկերը:Իրականում սա հենց այն  փախուստն էր, որի մասին ես խնդրում էի ծնողներիցս: Սա այն  հորիզոնն է ,որի շրջանակներում ոչ մեկ ոչ ոքի բացտրություն չի տալիս: (Միայն այս փոքրիկ  նապաստակն  իր խողովակից կարող է տեսնել այն) :Անապատում փորձության է ենթարկում ոչ թե  սատանան,այլ հենց անապատը: Փորձություն,որը բնական է բոլոր լքվածների համար:

Դե լավ ,հերիք է  հիմարանաս,անցի՛ր   աշխատանքի:

 

22

 

Եվ անցնում եմ աշխատանքի:Տող տողի հետևից շարունակում ենք ինչ որ բան դառնալ այս գրքի հետ միասին,որը գրում եմ:Մենք ինչ որ բան դառնում ենք: Մեկս մյուսի հետևից ինչ որ բան ենք դառնում:

Հազվադեպ է պատահում այնպես,ինչպես ,որ մենք ենք մտածում,բայց  մի բան հաստատ է՝ մենք ինչ որ մի բան դառնում ենք:

Անցյալ շաբաթ  ,կինոթատրոնից դուրս գալուց  ,մի փոքրիկ աղջնակ ՝ ինը տաս  տարեկան շնչակտուր հասնում է ինձ .

– Պարոն,պարոն:

Ի՞նչ   է  պատահել :Անձրևանոցս եմ մոռացե՞լ կինոյում: Ժպտադեմ  հայացքով  փոքրիկը  մատով ցույց է տալիս  մի մարդու ,որը փողոցի մյուս կողմից  մեզ էր նայում:

– Պարոն նա իմ պապիկն է:Պապիկը  մի փոքր ամաչկոտ  ողջունում է ինձ  :

-Նա  չի համարձակվում ձեզ բարևել, բայց դուք եղել եք  նրա  ուսուցիչը:

— Գրողը տանի , պապիկ:Ես եղել եմ նրա պապիկի ուսուցիչը…էհ,այո,այսպիսով  մեզնից ինչ որ բան դուրս է գալիս:

Չորրորդ դասարանում  բաժանվում եք մի հիմար աղջնակից ,որը իրեն հենց այդպեսին  էր համարում («Ի՜նչ հիմար էի ես »), իսկ  քսան տարի անց Այաչո  փողոցում ձեզ  ձայն է տալիս  ուրախությունից փայլող դեմքով մի երտասարդ կին  բացօթյա սրճարանում նստած.

– Պարոն մի դիպչեք անցնող կավալերի  ուսին:

Դուք կանգ եք առնում, շրջվում եք,երիտասարդ կինը ձեզ ժպտում է  և դուք  արտասանում եք Ծառուղիի   շարունակությունը՝ Սյուպերվելի  բանաստեղծությունը,որն ըստ   երևույթին  երկուսիդ   էլ  ծանոթ էր:

Նա կվերադառնա

Գիշեր կլինի

Անաստղ մի գիշեր

Առանց ամպի մի կաթիլի

Նա ծիծաղում է և հարցնում է.

Այդ դեպքում ի՞նչ կպատահի ողջ երկնքի հետ

Լուսնի լույսի

Եվ արևի ջերմության:

Եվ դուք պատասխանում եք այդ կնոջ ժպիտի մեջ հայտնված այն  կամակոր  երեխային ,որին դուք մի ժամանակ ստիպում էիք անգիր սովորել այս բանաստեղծությունը:

 

Սպասեք այնքան,մինչև  որ մի ուրիշ ասպետ

Այնքան ուժեղ,որքան առաջինը

Կհամաձայնի անցնել այդտեղով :

 

Փարիզում ընկերներիս հետ սրճարանում խոսում եմ:Հարևան սեղանի մոտ նստած տղամարդը   ուշադիր նայում է ինձ և մատով ինձ է ցույց տալիս:Ես նայում եմ նրան և հայացքով հարցնում եմ  ,թե ինչ է նրան հարկավոր:Եվ նա ինձ դիմում է մի անունով ,բայց ոչ իմ անունով .

– Դոն Սեգունդո   Սոմբրա  : Այդ կերպ  նա   ստիպում է ինձ շատ արագ թռիչք կատարել դեպի անցյալ:

– Դու,դու սովորել ես ինձ մոտ 1982-ին :Հինգերորդ  դասարանում:

– Ճիշտ այդպես,պարոն:Եվ հենց այդ տարի էլ  դուք մեզ համար կարդացիք արգենտինացի գրող Ռիկարդո Գիրալդեսի ՛՛Դոն Սեգունդո Սոմբրա՛՛ վեպը:

Ես չեմ հիշում այս պատհաբար հանդիպած աշակերտներիս ազգանուները,նույնիսկ նրանց դեմքերը,բայց բանաստեղծության հենց առաջին տողից,նշած գրքի հենց առաջին վերնագրից ,կոնկրետ դասի մասին արված առաջին մեջբերումից,ինչ որ մի բան վերականգնվում է այն պատանու մասին,որը չէր ուզում կարդալ կամ էլ այն փոքրիկ աղջնակի մասին,որը պնդում էր,որ ոչինչ չէր  հասկանում  և այդ ժամանակ ես նրանց հիշում եմ այնքան հստակ,որքան Սյուպերվիլի բանաստեղծությունը կամ Սեգունդո Սոմբրայի անունը,որոնք չգիտես թե ինչու չեն ենթարկվել ժամանակի քայքայիչ ազդեցությանը: Նրանք մնում են միևնույն  ժամանակ և այն վախեցած աղջնակը ,և այն կինը,որն իր սերունդի վառ ներկայացուցիչն էր,և այն համառ տղան,և այն զինվորական օդաչուն,որը կարդում էր ՝թռչելով ավտոպիլոտով օվկիանոսների վրայով :

Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ,մարդ համոզվում է,որ նոր կյանք է սկսվել, այնքան անկանխատեսելի,որքան  ամպի ձևը:

Միայն չերևակայեք,թե դուք ուսուցիչ դառնալով ,ազդել եք այդ ճակատագրերի վրա: Ես նայում եմ գրպանի ժամացույցիս,որն ինձ կինս՝ Միննան, էր նվիրել  վաղուց անցած տարդարձիս և որից ես երբեք չեմ բաժանվում:Այս տեսակի կափարիչով ժամացույցները անվանում են գրպանի ժամացույց:Այսպիսով ես նայում եմ գրպանի ժամացույցիս և ահա սահում եմ տասնհինգ տարի հետ   լիցեյ H, սենյակF,  որտեղ ես հսկում եմ ,թե ինչպես են վաթսուն աշակերտ՝ առաջին և ավարտական դասրանի ապագայի լռության մեջ  պատասխանում  քննությանը: Բոլորը  գրում էին ,բացի իմ աջ կողմում երրորդ կամ չորրորդ   շարքում հենց պատուհանի մոտ նստած  Էմանուելից: Մաքուր թուղթը դիմացը նստած,սավառնում էր ինչ որ տեղ:Մեր հայացքները խաչվեցին:Իմ հայացքը բավականին տպավորիչ  էր: Դե ի՞նչ:Դատարկ թու՞ղթ:Գուցե՞ ժամանակն է,որ սկսես:Էմանուելը ինձ նշան է անում ,որ մոտենամ:Նա սովորել է ինձ մոտ երկու տարի առաջ:Նա խորամանկ ,ակտիվ,ծույլ,հնարամիտ,զվարճալի և վճռական էր:Եվ ահա նկատելի դատարկ սպիտակ թուղթ:Ես փորձում եմ մոտենալ ,որպեսզի հանդիմանեմ  նրան,բայց վերջինս  անմիջապես դադարեցնում է նախատինքներիս շարքը ծանր հոգոցով.

—Պարոն,Եթե դուք միայն իմանաիք,թե ոնց եմ այս ամենից ձանձրացել: Ինչ է հարկավոր անել նման աշակերտի հետ:Սպանե՞լ տեղում :Պահը հարմար չէր,և այդ պատճառով ես միայն հարցնում եմ.

 

– Կարելի է իմանալ ,թե ինչն է քեզ հետաքրքրում:.

-Սա,- պատասխանում է  վերադարձնելով ինձ   գրպանի ժամացույցս,որը նա   քիչ առաջ աննկատ թռցրել էր:

–Եվ սա ,ավելացնում է նա ՝ վերադարձնելով ինձ գրիչս

– Գրպանահա՞տ:Դու  գրպանահատ ես ուզու՞մ դառանալ :

– Աճպարար,պարոն:

.

Ազնիվ խոսք ,նա հենց աճպարար էլ դարձավ ,նույնիսկ հայտնի,և ես բնավ ոչինչ չեմ արել:

Այո, երբեմն այնպես է պատահում ,որ մեր պլաները ,կոչումները իրականանում են,իսկ ապագան պահում է իր տված խոստումները:Ընկերներիցս մեկը ինձ  ռեստորան է հրավիրում  և վստահեցնում ,որ ինձ  այնտեղ անակնկալ է սպասվում : Գնում եմ  այնտեղ:Մեծ անակնկալ էր:Ռեմին էր՝ ռեստորոնի շեֆ խոհարարը:Նա իր մետր ութանասուն բոյով և սպիտակ գլխարկով բավականին տպավորիչ էր:Սկզբում ես նրան չէի հիշում, բայց նա թարմացրեց  հիշողությունս դիմացս դնելով քսանհինգ տարի առաջ իր գրած և իմ ստուգած շարադրությունը :

13միավոր /20-ից. Թեման`  Ինչպիսին կլինեմ ես քառասուն տարեկանում՛՛: Ահա իմ առջև կանգնած է քառասունամյա մի տղամարդ ՝ ժպտերես և մի  փոքր վախեցած իր ծեր ուսուցչի ներկայությունից,նա հենց այն տղամարդն է,որին  իր շարադրության մեջ  նկարագրել էր  այն ժամանակվա  տղան.շեֆ խոհարար այն ռեստորանում,որի խոհանոցը նա համեմատում էր բաց ծովի վրա գտնվող  մարդատար նավի մեքենաների սրահի հետ: Ստուգողը գնահատել էր կարմիրով գրիչով և ցանկություն էր հայտնել  մի օր նստել այդ ռեստորանի սեղանի շուրջը:

Նման իրավիճակում դուք չեք ափսոսում ,որ հենց այն նույն ուսուցիչն եք եղել և որը հիմա այլևս չեք: Մենք դառնում ենք, ինչ որ  մի  բան  դառնում ենք  մեր հնարավորությունների շրջանակում և ինչ որ մի բան դառնալով մի օր կրկին հանդիպում ենք :

Օրինակ Իզաբելլան ,որին ես անցյալ շաբաթ հանդիպեցի  թատրոնում , գրեթե քառասուն տարեկան զարմանալիորեն նման  էր այն տասնվեցամյա  աղջնակին,որին ես դասավանդել եմ :Նա հայտնվեց իմ դասարանում դպրոցից երկրորդ անգամ հեռացնելուց հետո:. (« Երկու  հեռացmւմ երեք տարում ») :Ներկայումս խելացի ժպիտով լոգոպետ է:

Ինչպես մյուսները, նա ինձ հարցնում է.

–Հիշո ւմ եք այսինչին կամ այնինչին:

Ափսոս, իմ աշակերտներ, անիծյալ հիշողությունս հրաժարվում է մտապահել  հատուկ անունները: Այդ անուների սկզբնատառերը   շարունակում են ճանապարհս փակել :.Ամառային արձակուրդների ընթացքում արդեն իսկ  մոռանում էի ձեր անունների մեծ մասը, իսկ այստեղ արդեն տարիներ են :Ի՞նչ եք դուք ուզում: Ուղեղս ենթարկվում է մի տեսակ  մշտական  դատարկման,որի արդյունքում  բացի ձեր ազգանուններից ,ջնջվում էին նաև  գրողների անուները ,գրքերի վերնագրերը ,որոնք ես կարդում էի,ֆիլմերի անվանումները,որոնք ես նայում էի,քաղաքները,որոնք ես այցելում էի,գինիները,որոնք խմում էի:Սա բնավ չի նշանակում  ,որես ձեզ մոռացության եմ  մատնում:Թող որ ես ընդամենը հինգ րոպե կրկին ձեզ նայեմ  և Ռեմիի վստահող դեմքը, Նադիայի բուռն ծիծաղը,Էմանուելի խորամանկ հայացքը,Կրիստիանի մտախոհ սիրալիրությունը, Ակսելի կենսուրախությունը,Արտուրի չօքսիդացող լավ տրամադրությունը   ինձ հանդիպած   նախկին աշակերտ տղամարդու կամ կնոջ  մեջ կարթնացնի իրենց նախկին ուսուցչին ճանաչելու հաճույքը:Այսօր ես կարող եմ ձեզ խոստովանել,որ ձեր հիշողությունը  շատ ավելի արագ և  հուսալի  է,քան իմը,նույնիսկ այն ժամանակ,երբ  մենք միասին սովորում էինք  շաբաթվա տեքստերը,որոնք մենք պետք է կարողանաինք  իրար ասել տարվա ցանկացած պահի:Միջին հաշվով, մի երեսուն տարատեսակ տեքստեր,որոնց մասին Իզաբելլան հպարտությամբ հայտարարում է.

– Ես ոչ մեկը չեմ մոռացել պարոն!

– Կարծում եմ դոքւ ունե՞ք նախընտրած տեքստեր:

– Այո,օրինակ այս մեկը,որի մասին դուք դեռ այն ժամանակ ասում էիք,որ մենք այն ունակ կլինենք հասկանալու վաթսուն տարուց:

Եվ նա սկսում է արտասանել այն տեքստը ,որն իսկապես համապատասխանում է ՛՛Դառնալ՛՛գլուխը ավարտին հասցնելու  համար:

Պապիկս սովորություն ուներ ասել. « Կյանքը զարմանալիորեն կարճ  է:. Հուշերումս այն այնքան ամուր է մնացել այսօր,որ ես դժվարությամբ եմ հասկանում ,օրինակ թե ինչպես երիտասրդ տղան կարող է վճռել ձիով գնալ մոտակա գյուղը՝ չզգուշանալով,որ առանց որևէ դժբախտ պատահարի,հենց այդ զբոսանքի համար իրեն չի բավականացնի առանց բախման ընթացող  իր ողջ սովորական կյանքը. » :

Իզաբելլան խոր հարգանքով հայտնում է  հեղինակի անունը. Ֆ.Կաֆկա:Եվ հստակեցնում է.– Ձեր  սիրած Վիալատայի թարգմանության մեջ :

III.

Դան  կամ «մարմնավորման եղանակի » ներկա  ժամանակաձև

Դա ինձ մոտ երբեք չի ստացվի:

1.

 

– Դա ես երբեք չեմ կարող ,պարոն:

– Ի՞նչ ես ասում:

– Դա ինձ մոտ   չի  ստացվի:

– Ո՞ւր ես դու ուզում գնալ:

– Ոչ մի տեղ:Ես ոչ մի տեղ  չեմ ուզում գնալ:

– Ուրեմն ինչի՞ց  ես   դու  վախենում:

– Ես դա չէի ուզում ասել:

– Ի՞նչ ես ուզում դու ասել:

–Որ դա ինձ  մոտ երբեք չիստացվի  և վերջ:

– Գրիր դա մեզ համար գրատախտակի վրա.  « Դա ինձ  մոտ երբեք չիստացվի  ».

Դա ինձ մոտ երբեք չի ստացվի😦 Je ni ariverai jamais.)

— Դու սխալ ես գրել ni-ին:Դա ֆրանսերենում ժխտական մասնիկ է n’y:

Ուղղի՛ր: N’y –ին այստեղ գրվում էապթարցով: Իսկ ariverai-ն ֆրանսերենում գրվում է  երկու r-ով:

Դա ինձ մոտ երբեք չի ստացվի (Je n’y arriverai jamais).

– Լավ ,իսկ ի՞նչ է նշանակում  այդ  « դա »-ն ըստ քեզ:

– Չգիտեմ:

– Ի՞նչ է դա   նշանակում:

– Չգիտեմ:

– Այսպիսով , պետք է իմանանք, թե դա ինչ է նշանակում ,որովհետև հենց այդ « դա»-ն է,որ քեզ վախեցնում է:

– Ես չեմ վախենում:

–  Չե՞ս վախենում:

– Ոչ:

– Չե՞ս վախենում,որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի:

– Ոչ , ինձ համար միևնույն է:

— Ների՞ր:

— Միևնույնէ,այսինքն թքած ունեմ:

—Դու թքած ունես ,որ քեզ մոտ ոչինչ չի ստացվում:

— Ես թքած ունեմ ու վերջ:

— Եվ դու կարո՞ղ ես  դա գրել գրատախտակին:

— Ի՞նչը, ես թքած ունեմը:

— Այո:

Ես թքած ունեմ: (Je mens moque) .

—M   ապաթարց  en:Այստեղ  դու գրել ես  ստել բայը( mentir ) առաջին դեմք ներկա ժամանակաձևով:

— Լավ, այդ  «դա»-ն  — խոսքի ի՞նչ մաս է:

— Այդ   « դա»-ն ի՞նչ է:

-Ես չգիտեմ :

III.

III.

3.  Քերականական թերությունները շտկվում են քերականությամբ,ուղղագրական սխալները՝ ուղղագրական վարժություններով ,ընթերցելու հանդեպ վախը հաղթահարվում է ընթերցանությամբ, չհասկանալու վախը՝ տեքստի մեջ ընդգրկմամբ,իսկ մտածելու սովորությունը առաջանում է տվյալ թեմայի շուրջ մտածելով,որով զբաղվում ենք այդ պահին ,այդտեղ,այդ դասի ժամանակ,դասարանում,որտեղ ,որ  գտնվում ենք:

Ես այս համոզման եմ եկել դեռևս իմ դպրոցական տարիներին:.Այս առիթով ինձ շատ խրատներ են տվել,հաճախ փորձել են սիրալիրությամբ ինձ ստիպել արձագանքել,քանի որ  ուսուցիչների շրջանում բարի մարդկանց պակաս չկա:Ահա,օրինակ քոլեջի տնօրենը ,որտեղ ես ընկա մեր տան թալանից հետո:Նա  նավաստի է,նախկին նավապետ՝ օվկիանոսներում կոփված համբերությամբ, ընտանիքի հայր և կնոջ համար հոգատար ամուսին,որն ասում էին ,թե հիվանդ է ինչ որ առեղծվածային հիվանդությամբ:

Շատ ուժեղ մի տղամարդ ,որը զբաղված էր և՛ իր ընտանիքով ,և՛ ինտերնատով,որտեղ իմ նմանների պակաս չկար:Այնուամենայնիվ որքան ժամանակ է ծախսել նա ,որպեսզի ինձ համոզի որ ես բնավ էլ այն հիմարը չէի,ինչ կարծում էի   և  Աֆրիկա փախչելու  իմ երազանքները ինքս ինձնից փախուստի փորձեր էին և որ բավական էր միայն շատ լուրջ աշխատել,որպեսզի տարակուսանքներս չխանգարեին ունակություններիս :Ես գտնում էի,որ շատ սիրալիր էր նման մարդու կողմից,ով ուներ այդքան շատ հոգս,  իմ հանդեպ  նման ուշադրություն  ցուցաբերելը և ես խոստացա խելքս գլուխս հավաքել ,այո,այո, անմիջապես :Միայն ,երբ  ես հայտնվում էի մաթեմտիկայի դասին կամ նստում էի երեկոյան բնագիտության գրքի առաջ առաջադրանքները կատարելու ,մեր խոսակցությունից ձեռք բերված անհաղթահարելի վստահությունից ոչինչ չէր մնում:Պատճառն այն էր,որ մենք  պարոն տնորենի հետ չէինք խոսել ոչ հանրահաշվից,ոչ ֆոտոսինթեզից  այլ միայն կամքի ուժից ,կենտրոնացումից,մենք խոսել էինք իմ մասին,իմ ՝ով լիովին ունակ էր առաջ գնալ ,նա վստահ էր դրանում ,եթե միայն ինչպես հարկն էր գործի անցնեի: Եվ այդ եսը ՝լցված անսպասելի հույսով,երդվում էր աշխատել և այլևս ոչինչ չհորինել,բայց ,ցավոք, տաս րոպե հետո , բախվելով մաթեմատիկայի հանրահաշվին,նա դատարկվում էր օդապարիկի պես,իսկ երեկոյան դասերին պատրաստվելիս նա հրաժարվում էր հասկանալ բույսերի անբացատրելի ցանկությունը ածղաթթու գազի նկատմամբ ,որը ստանում էին  ինչ որ  տարօրինակ քլորոֆիլի միջոցով:.Ես նորից դառնում էի նախկին անպետքը,որն ունակ չէր  երբևէ ինչ որ բան  հասկանալ,այն պարզ պատճառով,որ երբեք ոչինչ չէր հասկացել: Բազմաթիվ բացասական փորձերից հետո,ես եկա այն համոզման ,որ աշակերտների հետ հարկավոր է խոսել միայն իրենց ուսուցանվող առարկայի լեզվով:Վախենու՞մ եք քերականությունից: Զբաղվենք քերականությամբ:Դուր չի՞ գալիս գրականությունը:Կկարդանք:Ինչքան էլ որ սա ձեզ տարօրինակ թվա,մեր աշակերտնե՛ր ,դուք բաղկացած եք այն առարկաներից ,որորնք մենք ձեզ դասավանդում ենք:Դուք ինքներդ եք այդ բոլոր առարկաների առարկան:Դպրոցում ձեզ լավ չե՞ք զգացել:Միգուցե:Հեշտ կյանք չե՞ք ունեցել:Ոմանք ,այո:Բայց իմ աչքերին բոլորդ այնպիսին ինչպիսին,որ դուք կաք՝ բառերից կազմված, քերականությունից հյուսված,խոսքով հարուստ,նույնիսկ ամենալռակյացները կամ բառապաշարով ամենաաղքատները ,բոլորիդ հանգիստ չեն տալիս աշխարհի մասին ձեր սեփական պատկերացումները,կարճ ասած, ձեզնից յուրաքանչյուրը  լի է  գրականությամբ , խնդրում եմ հավատացեք ինձ:

4.

 

Նույնիսկ լավագույն մղումներն ունեցող  հոգեբանական միջամտությունները անօգուտ են:Առաջին դասարան:Ժոսլին լացակումած է,դասը հնարավոր չէ սկսել: Չկա էլ ավելի անհասկանալի բան,քան վիշտն է,որն առաջանում է գիտելիք ձեռք բերման ճանապարհին:Ծիծաղը կարելի է սաստել մեկ հայացքով ,բայց ահա արցունքները…..

– Ինչ որ մեկդ, պահուստային անեկդոտ ունե՞ք:Հարկավոր է ժոսելին ծիծաղեցնել,որպեսզի կարողանանք դասը սկսել: Գլուխներումդ փնտրեք:Մի շատ ծիծաղելի  անեկդոտ: Տալիս եմ երեք րոպե և ոչ ավել:Մեզ է սպասում  Մոնտեսկիոն: Ծիծաղելի անեկդոտը պատմեցին:Իսկապես, ծիծաղելի էր:Բոլորը ծիծաղեցին,Ժոսլին նույնպես ,որին  ես առաջարկեցի դասամիջոցին  գալ  ինձ մոտ,եթե նա զգում է,որ դա իրեն անհրաժեշտ է:

 – Իսկ հիմա զբաղվում ենք  միայն ու միայն Մոնտեսկիոով:Դասամիջոց:Ժոսլին ինձ հետ կիսվում է իր ցավով:Նրա ծնողները դադարել էին միմյանց հասկնալ:Նրանք առավոտից մինչ երեկո վիճում էին: Միմյանց ահավոր բաներ էին ասում:Իրավիճակը տանը  սրտաճմլիկ էր, իսկ կյանքը՝ անտանելի: հասկանալի է,ասեցի ինքս ինձ, ևս երկու վազորդ ,որոնց անհրաժեշտ էր քսան տարի,որպեսզի հասկանան,որ իրար չեն համապատասխանում :Այստղից բաժանման հոտ է գալիս:  Ժոսլին  վատ սովորող աշակերտուհի չէր  ,բայց բոլոր առարկաներից ներքև էր ընկնում:Եվ ահա ես պետք է գլուխ հանեի նրա  վշտից: Գիտես Ժոսլին ,միգուցե ավելի լավ կլինի ,որ նրանք բաժանվեն,ասում եմ ես նրան շատ զգուշությամբ:Գիտես Ժոսլին, երբ նրանք բաժանվեն և հանգստանան ,քեզ համար ավելի հեշտ   կլինի  ,քան հիմա ,երբ միասին  են ,բայց պատրաստ են իրար կոկորդ կրծելև այլն:.Ժոսլին կրկին սկսում է լացել:

–Պորոն նրանք էլ էին որոշել բաժանվել,բայց հանկարծ փոշմանեցին:

Ահա թե ինչ :

Լավ,լավ ,լավ:

Ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան կարող էր թվալ սկսնակ հոգեբանին:

– Ճանաչու՞մ ես Մեզի ֆերենջին:

–Ոչ,իսկ  ո՞վ է:

– Բիլ Ֆերենջի և նրա կնոջ,որի անունը ես չեմ հիշում,աղջիկն է:Նրանք բաժանված են, ժամանակին դա շատ հայտնի պատմություն էր:Մեզին շատ փոքր էր,երբ նրանք բաժանվեցին,բայց այդ ամենից նա մի փշուր անգամ չկորցրեց: Քեզ պետք է նրա հետ ծանոթանալ:Դա վեպ է:Ամերիկյան:Հեղինակը ՝  Հենրի  Ջեմս: Գրքի վերնագիրն է «Ի՞նչ գիտեր Մեզին»:

Ի դեպ դժվար  վեպ էր,Ժոսլին այն կարդաց եկող մի քանի շաբաթների ընթացքում՝ ոգևորվելով տարածքների նմանությամբ ,որտեղ տեղի էին ունենում ընտանեկան կռիվները: («Պարոն նրանք իրար ասում են այն ,ինչ Ֆերենջներն են իրար ասում »)

Եվ, այո,ընտանեկան վեճերում ,երեխաների տառապանքներում գրականությունից ինչ որ բան կա,նույնիսկ եթե նրանց հասցրած վերքերից հոսում է իսկական արյուն: Եվ դա նշանակում է,որ եթե պարոն Մոնտեսքիոն մեզ պատիվ է արել իր ներկայությամբ մենք պարտավոր ենք նրան ուշադրություն դարձնել:

 

5.

 

Դասերին նրանց ներկայությունը….Հեշտ չէ այս տղաների ու աղջիկների համար   հիսունհինգ րոպե շատ կենտրոնացած նստել իրար հաջորդող հինգ կամ վեց դասի դպրոցի առաջարկած ժամանակացույցին համապատասխան:Ինչ գլուխկոտրուկ է այս ժամանակացույցը:Դասերի,առարկաների , ժամերի,աշակերտների  բաշխում դասարանների թվին,խմբերի  կազմին,կամովի ընտրած առարկաների թվին,լաբորատորիաների առկայության,այս կամ այն ուսուցչի անհամատեղիլի ցանկության  համապատասխան:Ճիշտ է, այսօր տնօրենի գլուխը կփրկի համակարգիչը,որին վստահում են բոլոր այս թվարակած տվյալները:

« Ցավում եմ տիկին այսինչ ,բայց  չորեքշաբթի կեսօրից հետո  ոչինչ չի ստացվի,համակարգիչն է »:

– Հիսունհինգ րոպե ֆրանսերեն,- բացատրում եմ ես աշակերտներիս,- դա  գրեթե մի ամբողջ  ժամ է՝ սկիզբ, մեջտեղ , վերջ,իրականում, մի ամբողջ կյանք:Ասացեք ,կարող էին նրանք ինձ պատասխանել. սկզբում գրականության մի փոքրիկ կյանք,հետո մաթեմատիկա,այնուհետև պատմություն ու այդպես շարունակ՝ անգլերեն,գերմաներեն, քիմիա,երաժշտություն:Մեկ օրում այսքան կերպարանափոխություն:Եվ առանց  տրամաբանության:Ձեր ժամանակացույցում «Ալիսան հրաշքների աշխարհում»ն է. քիչ առաջ թեյում էին մարտյան նապաստակի հետ ու հետո հանկարծ առանց անցման խաղում են կրոկետ սրտի թագուհու հետ:Անցկացնել մի օր Լուի Քերոլի  մոտ՝շատ չնչին հրաշքներով և ոչ մի մարմնամարզության մասին այլևս չեք խոսի:Եվ կարծես թե,այս ամենը կարգավորված էր.բացարձակ խառնաշփոթ՝ հիսունհինգ րոպեանոց մի պուրակը մյուսի հետևից ֆրանսիական ձևով կտրած այգու նման:

Այդպիսի հավասար կտորներով կիսվում է հոգեվերլուծաբանի օրը և երշիկավաճառի սայլամին:Եվ այդպես ամբողջ տարին ,շաբաթ շաբաթի ետևից:Զարմանալի է,բոլորը խառնված են,բայց այդ ամենի հետ մեկտեղ ոչ մի անականկալ:Այնպես եմ ուզում նրանց պատասխանել.

-Սիրելի աշակերտներ,հերիք է փնթփնթաք,մի պահ ձեզ մեր տեղը դրեք: Ի դեպ ձեզ հոգեվերլուծաբանի հետ համեմատելը վատ համեմատություն չէ:Այդ խեղճը,ամբողջ օրը իր աշխատասենյակում  նստած հետևում է իր առջևով անցնող  աշխարհի դժբախտություններին,իսկ մենք՝ ուսուցիչներս, երեսունհիգ հոգանոց խմբով և ֆիքսված ժամերով մեր դասարանում նստած տեսնում ենք ,թե ինչպես է անցնում մեր ամբողջ կյանքը,որը լոգարիթմորեն կամ ոչ շատ ավելի երկար է,քան ձեր չափազանց կարճ երիտասարդությունը,կտեսնե՛ք,կտեսնե՛ք:

Բայց,ոչ, երբեք մի խնդրեք աշակերտին իրեն ուսուցչի տեղը դնել,ծաղրելու հավանականությունը շատ մեծ է:Եվ երբեք նրան մի առաջարկեք չափել իր ժամանակը մերի հետ,մենք դա մինույն ձևով չենք գնահատում: Եվ հետո ոչ մի դեպքում չի կարելի դասի ժամանակ խոսակցություն ծավալել նրանց կամ մեր մասին  .դա թեմայից դուրս է:.Չէ որ մենք որոշել ենք,որ քերականության այս ժամը պետք  է անժամկետ պղպջակ  լինի: Իմ գործն է անել այնպես ,որ այս հիսունհինգ րոպեների ընթացքում աշակերտներս իրենց քերականության  մեջ զգան:

Այդ ամենին հասնելու համար  պետք չէ տեսադաշտից բաց թողնել այն փաստը,որ ժամերն իրարից տարբեր են. Առավոտյան ժամերը բնավ նման չեն  կեսօրինին, արթնանալու ,մարսման, դասամիջոցներից առաջ և դրանցից հետո ,բոլոր այս ժամերը իրարից շատ տարբեր են: Եվ մաթեմատիկայից հետո սկսվող դասաժամը բնավ նման չէ մարմնակրթությունից հետո սկսվող դասի ժամին:Այս տարբերությունը ոչ մի կերպ չի ազդում լավ սովորող աշակերտների ուշադրության վրա:Նրանք օժտված են բնատուր կարողությամբ ,լիովին գիտակցաբար ճիշտ պահին ,ճիշտ տեղում անհանգիստ պատանուց վերածվում են  ուշադիր աշակերտի,մերժված սիրահարից  կենտրոնացած մաթեմատիկոսի,խենթություններ անողից   գիտունիկի,անցյալից ներկայի, տեղափոխվում են մաթեմատիկայից գրականության:Հենց արագ կերպարանափոխության  ունակությամբ էլ լավ սովորող աշակերտը  տարբերվում է խնդիրներով  աշակերտից:Վերջիններս, շատ հաճախ բոլորովին այն չեն ինչ ուսուցիչներն են նրանց ներկայացնում:Նրանց համար շատ բարդ է ազատվել նախորդ ժամից ,նրանք թափառում են իրենց հիշողություններում ինչ որ տեղ, կամ էլ վազում են առաջ՝ բոլորովին այլ բանի մասին երազելով:Նրանց աթոռը կարծես կատապուլտ լիներ,վրան նստելուն պես  դասարանի տարածքից դուրս էր շպրտում:Եթե ,իհարկե, նրանք նրա վրա չէին քնում:Եթե ես ցանկանում եմ նրանց մտավոր ներկայությանը արժանանալ ես պետք է օգնեմ նրանց տեղավորել իմ դասաժամում: Ի՞նչպես  դա անել:Նման ունակությունը գալիս է աստիճանաբար:Կա մի բան ,որում կարող ենք վստահ լինել. դա այն է,որ աշակերտներիս ներկայությունը մեծ հաշվով կախված է իմ ներկայությունից ամբողջ դասի ընթացքում,նրանց յուրաքանչյուրի  հանդեպ իմ  վերաբերմունքից, դասավանդածս առարկայում իմ ֆիզիկզկան ,ինտելեկտուլ ,մտավոր  ներկայությունից այն ամբողջ հիսուն հինգ րոպեների ընթացքում ինչքան որ տևում է դասս: Читать далее

Ինչ-որ բան դառնալը

18.

Գիշերօթիկ դպրոցը սովորական դպրոցի համեմատությամբ առավելություն ունի, քանի որ ընտանիքի և դպրոցի միջև մեր աշակերտի երթևեկը նրան տեղավորում է երկու տարբեր ժամանակային տիրույթներում. դպրոց՝  երկուշաբթի առավոտից մինչ ուրբաթ երեկո, և ընտանիք՝ շաբաթ, կիրակի օրերին: Զրուցընկերների մի խումբ աշխատանքային հինգ օրերին և մի ուրիշը՝ ոչ աշխատանքային օրերին, որ կարող են նորից տոնական օրեր դառնալ: Մի կողմից դպրոցական իրականություն, մյուս կողմից՝ ընտանեկան: Կարող ես հանգիստ քնել՝ չմտածելով ծնողներիդ ամենօրյա ստերով միամտացնելու մասին, արթնանալ՝ չմատածելով չկատարած աշխատանքի համար կեղծ ներողություն խնդրելու մասին, քանի որ դասերդ երեկ երեկոյան, լավագույն դեպքում, ուսուցչի կամ դասիարակի օգնությամբ սովորել ես: Մի խոսքով՝ մտավոր անխաթար խաղաղություն, ազատված ծավալուն էներգիա, որը կարող է նաև օգտագործվել ուսման մեջ: Արդյո՞ք սա բավարար է, որպեսզի ծույլիկը դառնա դասարանի առաջատարներից: Դա նրան ամենաքիչը հնարավորություն կընձեռի ապրելու ներկան՝ ինչպիսին որ այն կա: Չէ՞ որ անհատականությունը ձևավորվում է իր իսկ ներկայի գիտակցմամբ, ոչ թե նրանից փախուստի դիմելով:

Այստեղ ես դադարեցնում եմ գիշերօթիկ դպրոցի գովքը:
Լավ, այնուամենայնիվ, ավելացնեմ ևս մի քանի բառ: Քանի որ ես նույնպես այնտեղ դասավանդել եմ, ասեմ, որ լավագույնն են այն գիշերօթիկ դպրոցները, որոնց ուսուցիչներն էլ են ապրում այնտեղ, խիստ անհրաժեշտության դեպքում հասանելի են օրվա բոլոր ժամերին:

19.
Հարկ է նշել, որ վերջին քսան տարիների ընթացքում, երբ գիշերօթիկ դպրոցը այնքան քննադատվել է մամուլում, գրականության և կինոյի բնագավառում, երիտասարդության շրջանակներում ամենաշատ հաջողությունը բաժին է ընկել երեք գործերի. «Մեռած բանաստեղծների ընկերությունը», «Հարի Փոթերը» և «Երգչախումբը»: Այս երեք դեպքում էլ իրադարձությունները տեղի են ունենում գիշերօթիկ դպրոցում: Երեք բավականին հնաոճ գիշերօթիկ դպրոցներ՝ համազգեստներ, ծիսակատարություններ ու մարմնական պատիժներ անգլոսաքսոնների մոտ և մոխրագույն շապիկներ, սարսափելի շենքեր, թափթփված և ապտակող ուսուցիչներ «Երգչախումբ»-ում:

Արժե վերլուծել այն հիացումը, որով 1989 թվականին երիտասարդությունն ընդունեց բոլոր քննադատների և ուսուցիչների կողմից գրեթե միաձայն ջախջախված «Մեռած պոետների ընկերությունը» ֆիլմը. դեմագոգիա, թողտվություն, արխայիզմ, տխմարություն, զգացմունքայնություն, կինեմատոգրաֆիական և ինտելեկտուալ աղքատիկություն…. փաստարկներ, որոնց դժվար է ինչ-որ խելամիտ բան հակադրել, բացի, թերևս, դպրոցականների բազմությունից, որ շտապում էր ֆիլմը դիտելու և վերադառնում էր երջանկությունից շողալով: Ենթադրել, որ նրանց հիացրել են միայն ֆիլմի թերությունները, կնշանակի մի ամբողջ սերունդ խղճուկ համարել:

Օրնակ՝ աշակերտներիս աչքից չէին վրիպել ուսուցիչ Կիտինգի ո՛չ ժամանակավրեպությունը, ո՛չ էլ նրա անազնվությունը:
– Նա ամենևին էլ պարկեշտ չէ, այդ պարոն Կիտինգը իր «Carpe die»-ով[1]։ Այնպես է խոսում, կարծես թե մենք դեռ XVI դարում ենք։ Բայց չէ՞ որ XVI դարում մարդիկ ավելի երիտասարդ էին մահանում, քան այսօր:
– Եվ հետո զզվելի է, երբ հենց սկզբից նա ստիպում է պատռել դասագիրքը և դրա հետ մեկտեղ համարվում է շատ բաց անձնավորություն: Ուրեմն այդ դեպքում ինչո՞ւ չայրել այն գրքերը, որոնք նրան դուր չեն գալիս: Ես կմերժեի: Читать далее

Դարձ։ Ապագան՝ այս տարօրինակ սպառնալիքը

12.

Ի դեպ, ի ՞նչ է պատահում այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան, այնուամենայնիվ, դարձել են:
Ֆ. –ն մահացավ թոշակի անցնելուց մի քանի ամիս հետո: Ժ-ն պատուհանից նետվեց ցած թոշակի անցնելու հաջորդ օրը: Գ.-ն դեպրեսիայի մեջ ընկավ: Ինչ-որ մեկն էլ հազիվ է դուրս գալիս նմանատիպ վիճակից: Ֆ.-ի և Յ.-ի բժիշկները կարծում են, որ նրանց՝ Ալցգեյմերի հիվանդության պատճառը ժամանակից շուտ թոշակի անցնելն է: Նույն բանն են ասում նաև Պ.-ի և Բ.-ի բժիշկները: Խեղճ Լ.ն մեռավ լաց լինելով, երբ նրան հեռացրին տեղեկատվական բաժնից, որտեղ մտադիր էր մինչև կյանքի վերջը զբաղվել «ad vitam aetemam» (կյանքի հավերժական խնդիրներով): Ես մտածում եմ նաև Պ.-ի՝ կոշկակարի մասին, ով մեռավ, երբ իր արհեստանոցին գնորդ չգտնվեց: «Ամեն ինչ իզո՞ւր էր: Ուրեմն՝ կյանքս ոչինչ չարժե՞»,- անդադար կրկնում էր նա: Ոչ ոք չէր ուզում գնել նրա գոյության իմաստը: Եվ նա հենց այդ վշտից էլ մեռավ: Ահա մի դիվանագետ, որ վեց ամսից թոշակի է անցնելու, ամենից շատ վախենում է ինքն իր հետ մենակ մնալուց: Նա փնտրում է, ուզում է այլ բանով զբաղվել. արդյունաբերական ընկերության միջազգային հարցերի գծով խորհրդատո՞ւ: Խորհրդատու այս կամ այն բնագավառո՞ւմ: Ուրիշ մեկը եղել է վարչապետ: Դրա մասին երազել է երեսուն տարի շարունակ՝ սկսած իր ընտրական հենց առաջին հաջողությունից: Կինը նրան միշտ այդ հարցերում քաջալերել է: Նա քաղաքականության մեջ թրծված մարդ է, գիտի, որ նշանակալից պաշտոնը «այսինչ» կառավարությունում, ըստ էության, ժամանակավոր է, ինչպես նաև վտանգավոր: Նա գիտի, որ առաջին իսկ առիթի դեպքում ինքը կդառնա մամուլի ծաղրի առարկան, հիանալի թիրախ նունիսկ իր թիմակիցների համար, ինչպես նաև հիմնական քավության նոխազը: Անկասկած, նա գիտեր 1917թվին Կլեմանսոյի՝ իր սենյակի գլխավորի հասցեին արած կատակը. «Երբ ես տռում եմ, նրանից է վատ հոտ գալիս»: Այո, քաղաքական աշխարհին բնորոշ է նման «վայելուչ» արտահայտությունը: Եվ որքան ծանրութեթև են անում իրենց խոսքը հանրության առաջ հայտարարություն անելիս, այնքան անվայելուչ են խոսում իրենց «ընկերական» շրջապատում: Այսպիսով՝ նա դառնում է վարչապետ: Նա ստորագրում է այդ վտանգավոր պայամանագիրը՝ գործելու սահմանափակ ժամանակահատվածով: Նա և իր կինը համապատասխանաբար ամրապնդվում են: Դե իհարկե, մի քանի տարի՝ վարչապետ: Այդ մի քանի տարիները անցնում են: Ինչպես նախատեսված էր, նա դուրս է թռչում: Կորցնում է պաշտոնը: Հարազատները պնդում են, որ շատ է տանջվում դրանից, վախենում է իր ապագայի համար: Այն աստիճան է վախենում, որ դեպրեսիան նրան հասցնում է ինքնասպանության դուռը: Ահա այսպիսի կործանիչ ազդեցություն ունի այն հասարակական դերը, հանուն որի մեզ դաստիարակել ու կրթել են, և որը մենք խաղացել ենք «մեր ամբողջ կյանքում» կամ էլ մեր ապրած կյանքի կեսը: Վերցրեք մեզնից այդ դերը, և մենք այլևս դերասան չենք լինի:
Կարիերիայի այս ողբերգական ավարտները առաջացնում են մի տագնապ, որն իմ աչքին շատ նման է դեռահասի տառապանքին։ Նա էլ կարծում է, թե ոչ մի ապագա չունի, այնքա՛ն ցավ է զգում ապրելու համար: Պարփակվելով մենք ինքներս մեզ զրոյացնում ենք այն աստիճանի, որ պատահում է՝ մեզ սպանում ենք: Դա առնվազն մեր դաստիարակության թերությունն է:

13.
Եկավ մի տարի, երբ ես շատ դժգոհ էի ինձնից: Ինձ շատ վատ էի զգում, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ: Բնավ չէի ուզում ինչ-որ մի բան դառնալ: Սենյակիս պատուհանը նայում էր Լյա Գոդի և Սեն Ժաննեի՝ Հյուսիսային Ալպերի երկու զառիթափ ժայռերի կողմը, որոնք, ինչպես ասում են, մեկ անգամ չէ, որ վերջ են դրել մերժված սիրահարների տառապանքներին: Մի օր՝ առավոտյան, երբ մի փոքր ավելի ուշադրությամբ էի զննում այդ քարերը, սենյակիս դուռը թակեցին: Հայրս էր: Նա կիսաբաց դռնից գլուխը ներս մտցրեց.
-Ահ, Դանիել, ես լրիվ մոռացել էի քեզ ասել՝ ինքնասպանությունը անխոհեմ քայլ է: Читать далее

Ինչ-որ բան դառնալը։ Ապագան՝ այս տարօրինակ սպառնալիքը

7.

Ապագան՝ այս տարօրինակ սպառնալիքը …

Ձմռան մի երեկո Նատալին հեկեկալով վազելով իջնում է քոլեջի աստիճաններով: Նա վշտացած է և այդ վիշտը ուզում է լսելի դարձնել. նա բետոնե պատերն օգտագործում է որպես ռեզոնատոր: Նա դեռ լրիվ երեխա է, ու մարմինը զրնգուն աստիճանների վրա կշռում է մոտավորապես այնքան, որքան կկշռեր փոքրիկ երեխան:

Ժամը վեցն անց կես արդեն գրեթե բոլոր սովորողները գնացել էին տուն: Ուսուցիչներից միայն ես էի մնացել, և ես անցնում էի այդտեղով: Աստիճանների վրա ոտնաձայներ լսեցի՝ տամ-տամ, այնուհետև՝ հեծկլտոց:  Օհո, մտածում է ուսուցիչը, նորից դպրոցական  տառապանք, սարսափելի բան չկա իհարկե, այնքան էլ մեծ չէ վիշտը: Եվ  Նատալին հայտնվում է ներքևի աստիճանին: Դե, Նատալի,  այս ի՞նչ թախիծ է: Ես ճանաչում եմ այս աշակերտուհուն, ես նրան դասվանդել եմ անցյալ տարի՝ վեցերորդ դասարանում: Անվստահ մի երեխա է, որին անհրաժեշտ է միշտ  վստահություն ներշնչել:
— Ի՞նչ է պատահել, Նատալի՛:
Սկզբում դիմադրում է.
-Ոչի՛նչ, պարոն, ոչինչ:
-Ուրեմն, իմ մե՛ծ աղջիկ, դու մեծ աղմուկ ես բարձրացնում ոչինչի համա՞ր:
Նա սկսում է ավելի ուժեղ հեկեկալ և վերջապես հեկեկոցով պատմում է իր դժբախտության մասին.
— Պա…արոն, ես, ես… ես…. Չեմ կարողանում….ես չեմ, չեմ… հաս…հասկանում:
— Ի՞նչ չես հասկանում: Ինչը չես կարողանում։
— Բարդ… ստո…
Եվ հանկարծ խցանը դուրս է թռչում, և նա մի շնչով ասում է.
— Զիջման պարագայով բարդ ստորադասկան նախադասությունը….
Լռություն:
Միայն թե չծիծաղեմ:
— Զիջման պարագայով բարդ ստորադասկան նախադասություն: Դու դրա՞ պատճառով ես այս վիճակում հայտնվել:

Ի՜նչ թեթևություն: Ուսուցիչը շատ արագ և շատ լուրջ սկսում է մտածել վերը նշված նախադասության վերաբերյալ. ինչպե՞ս բացատրի այս աշակերտուհուն, որ այդքան տանջվելու կարիք չկա, որ նա այդ անիծյալ նախադասությունը գործածում է առանց այն իմանալու (ի դեպ ամենասիրածներիցս մեկն է, եթե իհարկե կարելի է մի ստորդասականը ավելի շատ սիրել, քան մյուսը): Մի նախադասություն, որը հնարավոր է դարձնում բոլոր տեսակի քննարկումները. առաջին պայմանը մտքի ճարտարությունն է, ճիշտ է, այստեղ պետք է հիշել ինչպես անկեղծության, այնպես էլ չարամտության մասին, այնուամենայնիվ առանց զիջման չկա հանդուրժողականություն, փոքրի՛կս, ողջը հենց դա է, հարկավոր է միայն հիշել շաղկապները, որոնք էլ կազմում են այդ ստորադասական նախադասությունը, օրինակ՝ չնայած, թեև, հակառակ։ Զգո՞ւմ ես, թե ինչպես են այս բառերը մեզ տանում դեպի նրբախոսություն, որտեղ պետք է նկատի ունենալ ամեն ինչ, այս ստորադասական նախադասությունը քեզ ավելի շրջահայաց ու խելացի աղջիկ կդարձնի, որը պատրաստ է լսելու խոսակցին, այլ ոչ թե պատասխանելու չգիտես թե ինչ։ Դու կդառնաս խելացի կին, գուցե նույնիսկ փիլիսոփա, ահա թե ինչ կարող է քեզ տալ բարդ ստորադասական նախադասությունը՝ պայմանի պարագա ստորադասով: Այսպես ուսուցիչը սկսում է: Արդյո՞ք հնարավոր է մխիթարել այս աղջնակին քերականության դասով: Տեսնենք: Читать далее

Դարձ

Դանիել Պենակ

Մայրը բարկացած է որդու վրա. այս տղան ունի ամեն ինչ և ոչինչ չի անում, այս տղան ոչինչ չի անում, բայց ամեն ինչ ուզում է, այս տղայի համար արել ենք ամեն ինչ, բայց նա երբեք չի… ոչ մի անգամ, հասկանու՞մ եք: Մայր կա, որ նույնիսկ տարին մեկ անգամ գոնե մեկ ուսուցչի չի հանդիպում, և կա նաև մայր, որ բոլորին հանդիպում է: Կա նաև մայր, որ զանգահարում է միայն այն բանի համար, որ այս տարի ևս իրենց ազատեն այն տղայից, որի մասին չեն ուզում լսել մինչ հաջորդ տարին՝ նույն օրը, նույն ժամը: Ասում է. «Տեսնենք ինչ կլինի հաջորդ տարի, իհարկե, պետք է նրա համար նոր դպրոց գտնենք»: Կա նաև մայր, որ վախենում է հոր ռեակցիայից «Վերջ, այս անգամ ամուսինս դրան չի դիմանա» (գնահատականների մեծ մասը ամուսնուց թաքցնում էին)… Կա մայր, որ չի հասկանում իր այս տղային, որն այդքան տարբեր է մյուսից: Սրան ջանում է նույնպես շատ սիրել և իր ամբողջ ուժով ձգտում է լինել լավ մայր իր երկու որդիների համար: Մայր էլ կա, որ, ընդհակառակը, ընտրում է հենց այդ մեկին («այնուամենայնիվ, նրան եմ ամբողջ հոգիս տալիս»), իհարկե, նրա եղբայրների ու քույրերի հաշվին: Նրա օգտագործած բոլոր հնարավոր ռեսուրսները՝  սպորտ, հոգեբանություն, լոգոպեդիա, հոգու և մտքի ուսմունք, վիտամիններ, ռելաքսացիա, հոմեոպաթիա, ընտանեկան և անհատական թերապիա, ապարդյուն են եղել: Կա մայր, որ ամբողջությամբ տարված է հոգեբանությամբ և բացատրություն տալով ամեն ինչին՝ զարմանում է, որ ոչ ոք չի կարողանում գտնել ճիշտ լուծումը. ինքն է միակը ողջ աշխարհում, որ հասկանում է իր տղային, աղջկան, նրանց ընկերներին, և իր հոգու հավերժական երիտասարդությամբ («պետք է միշտ երիտասարդ մնալ, չէ՞») զարմանում է, որ աշխարհն այսքան ծերացել է, և այսքան անկարող հասկանալու երիտասարդներին: Կա մայր, որ լաց է լինում, զանգում և լուռ արտասվում է, ներողություն խնդրում իր արցունքների համար… վշտի, անհանգստության և ամոթի խառնուրդ: Ճիշտն ասած, բոլորն էլ մի փոքր ամաչում են, և բոլորն էլ անհանգստանում են իրենց տղայի ապագայի համար. «Բայց ի՞նչ է նա դառնալու»: Մեծ մասը ապագան պատկերացնում է որպես ներկայի պրոյեկցիա ապագայի կպչուն կտավի վրա: Ապագան մի պատ է, որի վրա արտացոլվում են անհույս ներկայի չափազանց մեծ պատկերները. ահա դա է բոլոր մայրերի մեծագույն վախը:

3

Նրանք չեն պատկերացնում, որ դիմում են իր սերնդի ամենաերիտասարդ սեյֆ բացողին, ու որ եթե ապագայի մասին իրենց պատկերացումները հիմնավորված լինեին, ես հեռախոսի մոտ նստած նրանց լսելիս չէի լինի, այլ բանտում՝ ոջիլ հաշվելիս, վերջինս կհամապատասխաներ այն ֆիլմին, որը խեղճ մայրս պետք է ցուցադրեր ապագայի էկրանի վրա, երբ իմանար, որ իր տասնմեկ տարեկան տղան թռցրել է ընտանեական խնայողությունները:

Այնուհետև, ես փորձում եմ նրանց ծիծաղեցնել:
— Գիտե՞ք Աստծուն ծիծաղեցնելու միակ ձևը:
Գծի մյուս ծայրին ոչ մի պատասխան:
— Պատմեք նրան ձեր ծրագրերի մասին:
Այլ կերպ ասած՝ խուճապի մի́ մատնվեք, նախատեսված ոչ մի բան չի իրականանում, սա միակ բանն է, որ մեզ սովորեցնում է ապագան՝ անցյալ դառնալով: Իհարկե դա բավական չէ, դա մի կպչուն սպեղանի է վերքի վրա, որն այդքան հեշտ չի սպիանում, բայց ինձ հեռախոսից բացի ուրիշ տարբերակ չի մնում: Читать далее

«Դպրոցական տառապանք»

Ես քրքրում եմ հին փաստաթղթերի խառնակույտը, որպեսզի գտնեմ դպրոցական տեղեկագրերս և դիպլոմներս, և ահա ձեռքս է ընկնում մայրիկիս պահած նամակը: Թվագրված՝ փետրվար, 1959թ.:

Երեք ամիս էր, ինչ տասնչորս տարեկանս էր լրացել: Ես չորրորդ դասարանում էի: Իմ առաջին գիշերօթիկից գրում էի մորս.

«Թանկագին մայրիկ.
ես նույնպես տեսել եմ գնահատականներս. ես հուսալքված եմ, հոգնել եմ, վերչ, հուսալքվելու լավ առիթ է երկու ժամ շարունակ աշխատելուց հետո հանրահաշվի տնային արաջադրանքից մեկ ստանալն ու տապալվելը։ Բացի դրանից, ես ամեն ինչ մի կողմ էի թողել, որ վերահանձնեմ քնություններս, և վարքից չորս ստանալս բացատրվում է նրանով, որ մաթեմատիկայի ժամին երկրաբանության քննությանն եմ պատրաստվել: Ես բավարար խելացի ու աշխատասեր չեմ, որպեսզի շարունակեմ ուսումս: Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Գլուխս վոչինչ չի մտնում, մնում եմ պատանդ այդ խզբզոցների մեչ. վոչինչ չեմ հասկանում անգլերենից, հանրահաշվից, զրո եմ ուղղագրությունից, ի՞նչ է մնում ինձ անելու» [1]:Մարի-Թեն՝ մեր գյուղի՝ Լա Կոլ սուղ Լուի վարսահարդարը, վաղ մանկությանս ամենամտերիմ ընկերուհին, վերջերս ինձ խոստովանեց, որ մի փոքր թեթևանալու համար մայրս նրան է վստահել ապագայիս վերաբերող իր անհանգստությունը։ Ասում էր, որ եղբայրներս խոստացել են ինձ խնամել, երբ հայրիկս ու մայրիկս այլև չեն լինի: Հենց նույն նամակում ես գրում էի. «Դուք ունեք երեք խելացի և աշխատասեր տղաներ…. և մեկ ծույլիկ ու ամբան»… Այնուհետև եղբայրներիս ու իմ ձեռքբերումների համեմատությունն էր կատարվում, որին հետևում էր տպավորիչ աղերսագիրս, որպեսզի դադարեցվեր այս սպանդը, որպեսզի հանեին ինձ դպրոցից և ուղարկեին «գաղութ» (ռազմական ընտանիք), «Հյուսիսային Աֆրիկայի հեռավոր գյուխերից մեկը, դա միակ վայրը կլիներ, որտեղ ես ինձ երջանիկ կզգայի» (երկու անգամ այդ հատվածը ընդգծված) [1]։

Վերջին հաշվով, ինքնակամ աշխարհի ծայրը քշված լինելը ծայրահեղ միջոց է, վերջին երազանք, զինվորի որդու մտածած` Բարդամյուի [2] ոճով փախուստի ծրագիր: Տասը տարի անց՝ 1969 թվականի սեպտեմբերի 30-ին, ես հորիցս նամակ եմ ստանում այն քոլեջի հասցեով, որտեղ արդեն մեկ ամիս էր, ինչ ուսուցիչ էի աշխատում։ Դա իմ առաջին պաշտոնն էր, և հորս առաջին նամակը կայացած որդուն: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից և ինձ պատմում էր ապաքինման հաճույքի, մեր շան հետ դանդաղ զբոսանքների մասին, ընտանիքից նորություններ էր հայտնում, ինձ տեղեկացնում էր Ստոկհոլմի զարմուհուս հավանական ամուսնության մասին, մի թեթև ակնարկում էր նաև իմ ապագա վեպի նախագիծը, որի մասին մենք խոսել էինք (և որը դեռևս չեմ գրել), նա հետաքրքրվում էր, թե ես ինչ էի խոսում գործընկերներիս հետ սեղանի շուրջ, սպասում էր նահանգապետ Անժելո Ռինալդիի նստավայրից փոստի գալուն՝ դժգոհելով փոստատարների գործադուլից, գովաբանում էր Սելինջերին և Ժոզե Կաբանիի աֆորիզմները, ներողություն էր խնդրում, որ մայրիկը ինձ չի գրում («…ինձ խնամելով` նա ավելի հոգնած է, քան ես»), ինձ տեղեկացնում էր, որ մեր երկուձիաուժանոցի պահուստային անվադողը տվել էր իմ ընկերուհի Ֆանշոնին («Բերնարը մեծ հաճույքով նրա համար այն փոխեց»), և ինձ համբուրում էր` վստահեցնելով, որ ինքը շատ լավ է: Նա դպրոցական տարիներիս ընթացքում երբեք ինձ չի վախեցրել խղճուկ ապագայի պատկերով և, ավելին, երբեք չի ակնարկել անցյալում ծույլիկ լինելուս փաստը: Մեծ մասամբ նա արտահայտվում էր իրեն բնորոշ պարկեշտ հեգնանքով և չէր կարծում, որ ուսուցչի իմ նոր կարգավիճակն արժանի է, որ մյուսները զարմանան, ինձ շնորհավորեն կամ էլ անհանգստանան իմ աշակերտների համար: Մի խոսքով, հայրս այսպիսին էր՝ խելացի և հեգնող, իր ողջ կյանքի ընթացքում միշտ պատրաստ ինձ հետ խոսելու` նույնիսկ հեռավորության վրա:

Միշտ աչքիս առաջ է այս նամակի ծրարը, բայց միայն այսօր է, որ ինձ զարմացրեց մի մանրուք: Նա չէր բավարարվել՝ գրելով միայն քոլեջը, փողոցը, քաղաքը և իմ ազգանունը: Նա ավելացրել էր մակագրություն՝ ուսուցիչ: Դանիել Պենաքիոնին՝ քոլեջի ուսուցիչ:
Ուսուցիչ…. Իր շատ հստակ ձեռագրով: Ինձնից իմ ամբողջ կյանք պահանջվեց, որ լսեմ երջանկության այդ ձայնը և թեթևության հոգոցը:

II Դարձ
12,5 տարեկան եմ, բայց ոչինչ չեմ արել

1

Մինչ ես գրում եմ այս տողերը, մենք մտնում ենք օգնության կանչերի ժամանակահատված: Մարտ ամսից հեռախոսը սկսում է զնգալ ավելի հաճախ, քան սովորաբար. խուճապահար ընկերներ, որոնք նոր դպրոց էին փնտրում «կորած» երեխայի համար, հուսահատված զարմիկներ՝ հերթական հաստատության փնտրտուքից, հարևաններ, որոնք կասկածում էին, որ դասընթացի ևս մեկ տարի կրկնությունը արդյունավետ կլինի, անծանոթ մարդիկ, որ ինձ համենայնդեպս ճանաչում էին և համարս վերցրել էին ինչ- որ մեկից: Զանգերը հիմնականում գալիս էին երեկոյան կողմ ՝ ճաշի ավարտին՝ հենց հուսալքությանս ժամին: Ամենից հաճախ մայրերն էին զանգում: Հայրերը հազվադեպ են զանգում, նրանք հետո են ի հայտ գալիս. ամենաառաջին հեռախոսազանգը գալիս է մորից, և գրեթե միշտ խոսքը տղաների մասին է: Աղջիկները, որպես կանոն, ավելի խելացի են: Այպիսով՝ տանը մենակ մայրիկը՝ ճաշը արագ վերջացրած, ամաները չլվացած, որդու օրագիրն իր առջև դրած, իսկ տղան իր սենյակում փակված է իր տեսախաղի առաջ կամ էլ արդեն դուրս է գնացել իր բանդայի հետ թափառելու, չնայած մայրիկի թույլ արգելքին: Նա մենակ է, ձեռքն է վերցրել հեռախոսը, բայց չի համարաձակվում զանգել: Որերորդ անգամ բացատրի, թե ինչ է կատարվում իր տղայի հետ, պատմություններ հորինի նրա ձախողումների վերաբերյալ, օ, տեր աստված, ինչպես է նա հոգնել:

Սա դեռ ամբողջը չէ: Նորից մի դպրոց փնտրիր, որը նրան կընդունի. աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրիր, այցելիր հաստատության տնօրենների…, խնդիրներ քարտուղարնների հետ… թղթեր լրացրու, դրանց պատասխաններին սպասիր, հանդիպումներ՝ որդու հետ միասին, առանց որդու… թեստեր… սպասիր արդյունքներին… փաստաթղթեր… երկմտություն՝ այս դպրոցն է ավելի լավ, թե՞ մյուսը: Քանի որ այս կամ այն դպրոցի առավելությունը հարցերի հարցն է, խնդիրն այն է, թե դա լավագույն դպրոցն է լավագույն աշակերտների, թե՞ լավագույն դպրոցն է խորտակվածների համար: Վերջապես նա զանգում է: Ներողություն է խնդրում անհանգստացնելու համար, գիտի, թե որքան են ձեզ դիմել խնդրանքներով, բայց իսկապես չգիտի, թե ինչ անի իր տղայի համար: Ուսուցիչնե՛ր, եղբայրնե՛ր, ես ձեզ խնդրում եմ, մտածեք ձեր գործընկերների մասին, երբ ուսուցչանոցի լռության մեջ ձեր գրքույկների վրա գրում եք, որ «երրորդ եռամսյակը վճռորոշ է լինելու»:
Հեռախոսս անընդհատ զնգում է: Իհարկե, երրորդ եռամսյակը: Այո՛, նրանք ի սկզբանե կայացրել են արդեն իրենց որոշումը: Երրորդ եռամսյակ, երրորդ եռամսյակ, դրա վտանգը նրան ընդհանրապես չի հուզում, նա երբեք ոչ մի նորմալ եռամսյակ չի ունեցել: Երրորդ եռամսյակ… Ասեք խնդրեմ, ինչպե՞ս նա կարող է այսքան կարճ ժամանակահատվածում ամեն ինչ հասցնել: Նրանք շատ լավ գիտեն, որ այս երրորդ եռամսյակը` իր բոլոր արձակուրդներով հանդերձ, անհեթեթություն է: Եթե նրան չփոխադրեն, այս անգամ կդիմեմ որտեղ որ հարկն է: Ամեն դեպքում անհրաժեշտ է այսօր հնարավորինս շուտ դպրոց գտնել: Եվ սա ձգվում է մինչ հունիս ամսվա վերջը, երբ պարզ է դառնում, որ երրորդ եռամսյակը իսկապես վճռորոշ էր, որ երեխան հաջորդ դասարան չի փոխադրվում և որ, իրոք, արդեն չափազանց ուշ էր նոր դպրոց փնտրելու համար, բոլորը այդ մասին նրանից առաջ հոգացել էին, բայց գիտեք, ուզում էին նրան մինչև վերջ հավատալ, ասում էին, որ գուցե այս անգամ այս երեխան կհասկանա, նա այնքան լավ էր սկսել երրորդ եռամսյակը, այո, այո, հավաստիացնում եմ ձեզ, նա ջանքեր էր գործադրում, ավելի քիչ էր բացակայում:

2

Մոլորված մի մայր, որն ուժասպառ էր եղել իր երեխայի ձախողումներից, հիշում է ընտանեկան դժբախտությունների ենթադրվող արմատները: «Դա հաստատ մեր բաժանման պատճառով է, որ նա….. իր հոր մահվանից հետո, նա այդպես էլ…….Մայրս իրեն միշտ նվաստացած էր զգում իր այն ընկերուհիների խորհուրդներից, որոնց երեխաները խնդիրներ չունեին, կամ էլ այն ընկերուհիների, որոնք գրեթե վիրավորական գաղտնապահությամբ խուսափում էին այդ թեմայից: Կատաղած մի մայր, ով համոզված է , որ իր տղան ուսուցչական կոալիցիայի անմեղ զոհն է, և որ ամեն ինչ սկսել էր շատ վաղուց. մանկապարտեզում նա ուներ մի այնպիսի դաստիարակչուհի, ով…. և նույն բանն էր նաև տարրական դպրոցում, այս անգամ տղամարդ ուսուցիչ, որը շատ ավելի վատ է, և պատկերացրեք, չորրորդ դասարանում նրա ֆրանսերենի ուսուցիչը նրան…

Կան նաև մարդիկ, որոնք կոնկրետ ինչ- որ մեկին չեն մեղադրում, այլ նախատում են շերտավորվող հասարակությանը, անկում ապրող կրթությունը, քայքայված համակարգը, կարճ ասած՝ այն իրականությունը, որը չի համապատասխանում իրենց երազանքին:

Թարգմանություն ֆրանսերենից
Լուսանկարը՝ Զարինե Պապոյանի բլոգից

[1] Տեքստերը տառասխալներով են բնագրում: Թարգմանիչը փորձել է ներկայացնել դրանք:
[2] Լուի Ֆերդինանդ Սելինի «Ուղևորություն գիշերվա ծայրը» արկածային վեպի հերոս` պրոպագանդայի ազդեցությամբ կամավոր բանակ մեկնած ուսանող:

Թարգմանիչ:
Կարինե Թևոսյան
Խմբագիր:
Հասմիկ Ղազարյան